Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հերմինե Նաղդալյան. Բանակում ծառայած չլինելով՝ ինչի՞ հիման վրա պատկերացրիք զինվորի և սպայի զգացողությունը

Հերմինե Նաղդալյան. Բանակում ծառայած չլինելով՝ ինչի՞ հիման վրա պատկերացրիք զինվորի և սպայի զգացողությունը
07.06.2018 | 23:20

Աժ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյան ասաց, որ կառավարության ծրագիրը կարդացել է որպես ՀՀ քաղաքացի` զերծ մնալու կուսակցական վերապահումից և հնարավորինս անաչառ գնահատելու կառավարության մեկամսյա ջանքերի արդյունքում ծնված փաստաթուղթը:

«Եվ որպես ՀՀ քաղաքացի չեմ կարող հարգարժան վարչապետին ու կառավարության անդամներին չասել, որ կառավարության ծրագիրը պետք է լիներ կառավարություն կազմող քաղաքական ուժերի` «Ելք» դաշինքի, ՀՅԴ-ի և Ծառուկյան դաշինքի նախընտրական ծրագրերի միավորում, վավերացված հուշագրով, որպես քաղաքական փաստաթուղթ, որը նաև պատկերացում կտար, թե ով, որ քաղաքական ուժն է այս փաստաթղթի քաղաքական պատասխանատուն: Ներկայացվածը, կարծում եմ, ոչ թե կառավարության ծրագիր է, այլ ընդամենը ուղերձ միայն` կարելի է ասել պրեամբուլա, ձեր լավագույն մտադրությունների հավաստիքը, որոնք իրականացնելու ոչ մի կոնկրետ քայլ, գործիք, մեխանիզմ, հայեցակարգ, ուղի, ձև, օրինակ, թիվ, չափ կամ չափորոշիչ նշված չէ: Արդեն այդ փաստը ստիպում է մտածել, որ ծրագրի հեղինակները հեռու են պատկերացումներից, թե ինչպես են պետությունը կառավարում: Ցավոք: Ձեր կառավարությունը անփորձ է, սակայն Հայաստանի նախորդ կառավարությունները ունեն կուտակած փորձ և պետք չէ հեղափոխականորեն ամեն ինչ մերժել ու գրողի ծոցն ուղարկել, պետությունը կառավարելը լուրջ գործ է, որ սիրուց, համերաշխությունից, նվիրումից բացի կառավարության անդամներից պահանջում է գիտելիք, իմացություն ու կազմակերպական ունակություններ, երկրի տնտեսության իմացություն ու զարգացման հեռանկարների պատկերացում: Այս ծրագիրը պարկերացում չի տալիս Հայաստանի տնտեսական ներուժի մասին. Նույնիսկ չի թվարկվել, չի գույքագրվել` ինչ կա, ինչ չկա: Այս ծրագրով Հայաստանի Հանրապետությունը հեռու չի գնա:


Գլխավոր ուղությունն ու գործիքը պոպուլիզմն է, որ մասամբ բացատրվում է հանրային աջակցությունը չկորցնելու ցանկությամբ, բայց, ավաղ, պոպուլիզմը չի դառնում աշխատատեղ, չի դառնում կենսաթոշակի ու նպաստի բարձրացման հնարավորություն: Ծրագրի մեխը կոռուպցիայի դեմ պայքարն է: Հրաշալի գաղափար է, խիստ անհրաժեշտ տնտեսության առողջացման համար: Երկիրը և տնտեսությունը զարգացնելու համար կոռուպցիայի դեմ պայքարը կարևոր ողղություն է և աջակցություն, բայց չպետք է անտեսվի տնտեսության ոլորտների և առաջին հերթին արդյունաբերության զարգացումը: Կա՞ն ծրագրում կոնկրետ և առարկայական արձանագրումներ արդյունաբերության ճյուղերի վերաբերյալ, էներգետիկայի, տրանսպորտի: Ես չգտա: Թույլ տվեք հարցնել` ինչպե՞ս են աշխատելու նախարարությունները կառավարության նման ծրագրով, որ նույնն է` առանց գործունեության ծրագրի: «Հեղափոխության գաղափարների իրագործումով, որպես մշտական քաղաքական իրողությու՞ն» ինչպես ծրագրում է նշված: Որպես առաջնահերթություն կառավարությունն առանձնացրել է բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և միանգամից «այլ ուղղությունների զարգացումը»:

Շատ աղքատիկ պատկերացում առաջնահերթությունների մասին: Եվ դարձյալ ցավով պիտի արձանագրեմ, որ նշված ուղղություններով էլ ծրագիրը որևէ ռեալ առարկայական հայեցակարգային քայլ չի մատնանշում: Գուցե ձեզ համար շատ սրտամոտ է թեման, բայց հավատացեք, որ հեղափոխությունը, նույնիսկ հայկականը, թավշեն, տեսարժան վայր չէ, որ զբոսաշրջիկ բերի Հայաստան: Զբոսաշրջության զարգացման համար բոլորովին այլ իրավիճակ է պետք` ինֆրակառուցվածքներ, էժան հյուրանոցներ, ցուցադրության վայրերի պատշաճ տեսք և այլն, և այլն, բայց ոչ հեղափոխության էյֆորիա: Էյֆորիայի մասին` ծրագրում շատ է խոսվում երջանկության մասին: Այո, մարդիկ պիտի երջանիկ լինեն, բայց աշխարհի ոչ մի կառավարություն, նույնիսկ գերզարգացած երկրների, չի կարող և չի կարողացել մարդկանց ծրագրված երջանկացնել:


«Վարչապետ ընտրվելուց հետո իմ առաջին գործը լինելու է երկրի բնականոն կյանքի ապահովումը բոլոր ոլորտներում և դրան զուգընթաց կառավարությունը պետք է ձեռնարկի նաև լրջագույն բարեփոխումներ»` ձեր հայտարարությունն է ԱԺ դահլիճում վարչապետ ընտրվելիս` սրա ծրագիրը պիտի հիմա բերած լինեիք - ուստի արդարացի հարց - ինչու՞ ծրագրում չկան հիմնական բարեփոխումների ուղղությունները և գործողությունները: Որևէ լուրջ խորքային վերլուծության վրա սոցիալական խնդիրների մասին, կենսաթոշակների, նպաստների, հոսանքի, գազի, ջրի գների ,բնակչության համար կարևորագույն առողջապահական խնդիրներ: Իսկ ինչ էլ որ գրված է` կցկտուր, ընդհանուր դատողություններ, սիրողական մակարդակով, առանց կոնկրետ և մասնագիտական խորացման՝ կքննարկվի, ուշադրության կենտրոնում կպահենք, նորանոր քայլեր կամ էլ դրամատիկ ջանքեր: և ոչ մի տեղ չկա թե ինչպես եք անելու,ինչպես եք իրագործելու այս հրաշալի ցանկությունների հավաքածուն: Այսպե՞ս է կառավարությունը պատկերացնում բնականոն կյանքն ու լրջագույն բարեփոխումը: Նույնիսկ ամենաժամանակավոր ու ամենաանցումային կառավարությունը չպետք է իրեն նման կիսատ-պռատություն թույլ տա:

Ընդհանրապես ամբողջ ծրագրից այն տպավորությունն է ստեղծվում, որ կառավարությունը մինչև արտահերթ ընտրությունները` առաջիկա առավելագույնը մեկ տարում, բազմաթիվ կոնկրետ խնդիրները լուծելու փոխարեն, զբաղվելու է ոտքից գլուխ բարոյախոսությամբ ու հանրային արհամարհանքի ու դատապարտման գործընթացներով առ այն մարդիկ, որ հեղափոխության հրապարակներում ու փողոցներում չեն եղել, ուրեմն նոր Հայաստանի քաղաքացիներ չեն: Եվ վերջապես` առաքելության մասին: Զինված ուժերի: Թույլ տվեք հարցնել մեծամասնությամբ բանակում չծառայած լինելով, ինչպե՞ս ու ինչի՞ հիման վրա պատկերացրիք զինվորի ու սպայի զգացողությունը: Ինչի՞ց որոշեցիք, որ յուրաքանչյուր սպա, ենթասպա ու շարքային այսուհետ պետք է առաջնորդվի պետության ու ժողովրդի առաջ ունեցած պատմական առաքելության գիտակցումով: և ինչու՞ եք մտածում, որ մինչև Ձեր գալը չէին առաջնորդվում: Բանակի մասին` ի շարս այլ հարցերի մեկ հարց, պարոն վարչապետ, և այս դահլիճում իբրև պատգամավոր, և հանրահավաքներում` դուք բազմիցս, հստակ ու հատու, պահանջում ու հայտարարում էիք, որ հայոց հաղթանակած բանակում պիտի բացարձակապես բացառվի «ներքնաշորերի, հիգիենիկ պիտույքների խնդիրը»: Այն ժամանակ դուք ընդդիմություն էիք, այսօր` վարչապետ ու ձեր բերած ծրագրում այդ բացարձակապես բացառելը վերածվել է այլևս մի մեղմ նախադասության` «ժամկետային զինծառայողների պատշաճ և ամբողջական նյութական բավարարումը կազմակերպել այնպես, որ ժամկետային զինծառայողների ծնողները ստիպված չլինեն շոշափելի մասնակցություն ունենալ այդ գործընթացին»: Շոշափելին ո՞րն է, թույլ տվեք հարցնել` ծա՞նր է իշխանության գլխարկը: Քննադատելն էր հեշտ»` ասաց Հերմինե Նաղդալյանը: Նա նշեց, որ ներկայացված փաստաթուղթը փայլուն վկայությունն է կառավարության մակերեսային վերաբերմունքի իր գործունեության և պետության նկատմամբ` որևէ ոլորտում չի զգացվում ոլորտի մասին պատկերացում ունեցող մարդու, մասնագետի ներկայություն և ամբողջ ծրագիրը երկակի տպավորություն է թողնում` ինչ-որ հատվածներ մեջբերված են ինչ-որ տեղերից՝ ինչ-որ հատվածներ ստեղծվել են հեղափոխական պաթոսի վրա և արժանի են թերթի հոդվածի կամ հանրահավաքի:


Նա հիշեցրեց, որ իբրև ընդդիմադիր պատգամավոր` վարչապետը պարբերաբար ունեցել է տպավորիչ ելույթներ, բայց դառնալով վարչապետ, կտրուկ փոխել է սկզբունքները՝ մասնավորապես` արտաքին քաղաքական ուղղվածությունները: Բայց Հայաստանի վարկն ու հեղինակությունը միջազգային ասպարեզում միայն հեղափոխությամբ ու հեղափոխության արդյունքներով չի որոշվում` պետությունը պետք է վարի կանխատեսելի ու կայուն քաղաքականություն, հուսալի գործընկեր ու դաշնակից լինի: «Եթե դուք արտաքին քաղաքականության մեջ կրկնելու էիք այն, ինչ արել ենք մենք, ո՞րն է ձեր ներդրումը: Այս հարցին կարող եք չպատասխանել, բայց մտածել պարտավոր եք»` ասաց Հերմինե Նաղդալյանը:

Դիտվել է՝ 3556

Մեկնաբանություններ